
2017 թվականի մարտի 3-ին մարվեց և «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 175-ամյակը» թեմային:
Փոստային նամականիշը ձևավորված է հին թղթադրամի տեսքով: Նամականիշի վրա պատկերված է հայ նշանավոր գործարար, բարեգործ և 20-րդ դարասկզբի խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանը:
Նամականիշի խորապատկերին ներկայացված են Ա. Մանթաշյանի միջոցներով կառուցված Փարիզի Ելիսեյան դաշտերում գտնվող հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին և Թիֆլիսի հայ արտիստների միության շենքի ճակատային մասը, որն այսօր Թբիլիսիի Ակադեմիական Թատրոնի շենքն է և կրում է Ռուստավելիի անունը:
Փոստային նամականիշը ունի 380 դրամ անվանական արժեք: Նամականիշի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը:
Նամականիշի պաշտոնական մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և “Հայփոստ” ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:
Թողարկման օրը` 03 մարտի 2017թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 50,0 x 40,0 մմ
Տպաքանակը՝ 40 000 հ.
<Հայփոստ> ՓԲԸ
<Հայփոստ Թրասթ Մենեջմենթ> ԲՎ