Մանրամասն
Հետևել

Կասկադ համալիր, ճարտարապետական-կոթողային համալիր Երևանում։ Ստեղծվել է 1970 թ.։ 

Նորություններ Նորություններ
Ջորջ Բայրոնի 225-ամյակին նվիրված նամականիշ

Ջորջ Բայրոնի 225-ամյակին նվիրված նամականիշ

2013 թվականի դեկտեմբերի 5-ին հանդիսավոր պայմաններում մարվեց Ջորջ Բայրոնի ծննդյան 225-ամյակին նվիրված նամականիշ: Մարումն իրականացրեցին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը եւ <Հայփոստ Թրասթ Մենեջմենթի> գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Անգլիացի հայտնի բանաստեղծ Ջորջ Գորդոն լորդ Բայրոնը ծնվել է Լոնդոնում 1788 թվականի հունվարի 22-ին ազնվականի ընտանիքում: 1816 թ-ին ճանապարհորդելով Վենետիկ և այնտեղ որոշ ժամանակ ապրելով, նա ծանոթացել է Մխիթարյան միաբանության հայ կրոնական և մշակութային գործիչների հետ, ինչպես նաև Միաբանության վանականներից սովորել է հայերեն: Բայրոնը անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն է թարգմանել մի շարք կրոնական և աշխարհիկ ձեռագրեր, ինչպես նաև ստեղծել է անգլերեն-հայերեն բառարան։
Նամականիշի վրա պատկերված է Ջորջ Բայրոնի դիմանկարը, խորապատկերին Հովհաննես Այվազովսկու վրձնին պատկանող «Ջորջ Բայրոնի այցը Մխիթարյաններին` Սբ. Ղազար կղզում» նկարն է: Նամականիշի ձախ կողմում պատկերված են Բայրոնի ձեռքով գրված հայերեն տառերը և իր հայերեն ստորագրությունը, որը պահվում է Վենետիկի Մխիթարյան միաբանությունում և կազմված է երկու բառից՝ «Լօրդ Բայրոն»:
Նամականիշի ստեղծման գործում զգալի աջակցություն է տրամադրել Բրիտանական խորհրդի Հայաստանյան մասնաճյուղը, Երևանի Բայրոնի անվան գրադարանը, ինչպես նաև Շոտլանդիայի Բայրոնի միջազգային հինմադրամը, որը տրամադրել է Բայրոնի բնագրերը:
Հայաստանի Բրիտանական Խորհրդի ջանքերով տրամադրել է Ջորջ Բայրոնի ծոռան Ռոբին Բայրոնի ուղերձը, որում ասվում է.
«Անտարակույս, մեծագույն խանդավառություն է պատճառում այն հանգամանքը, որ Հայաստանը լորդ Բայրոնին նվիրված նամականիշ է թողարկելու: Ես առաջին անգամ լորդ Բայրոնի հանդեպ հայերի խորին ակնածանքի մասին տեղեկացել եմ այն ժամանակ, երբ որոշվել էր 1988 թ. երկրաշարժից Գյումրիի տուժած դպրոցը բրիտանական օժանդակությամբ վերակառուցելուց հետո անվանակոչել լորդ Բայրոնի անվան դպրոց: Այդուհանդերձ, մինչև վերջերս երբեք Հայաստանում չէի եղել. այդ բացթողումը, սակայն, շտկվեց անցյալ տարի Երևան կատարած իմ հրաշալի այցելությամբ, որի ընթացքում ես անմիջական կերպով ծանոթացա Հայաստանի պատմությանն ու գրականությանը: Կասկած չկա, որ իմ վայելած ջերմ ընդունելությունն ու հյուրընկալությունը կրկնապատկվում էին իմ նախնի լորդ Բայրոնի հանդեպ հայերի ակնածանքով:
Շնորհավորում եմ այս նախագծում ներգրավված բոլոր մասնակիցներին և լավագույն մաղթանքներս եմ հղում բոլոր հայերին: Անհամբերությամբ ակնկալում եմ տեսնել թողարկված նամականիշը»:


Թողարկման օրը՝ 5 դեկտեմբերի 2013թ.
Անվանական արժեքը՝ 350 ՀՀ դրամ
Դիզայներ՝ Վահագն Մկրտչյան
Տպաքանակը՝ 40 000 հատ
Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա

Ֆոտոալբոմ (2)